Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական փոխնախարար պարոն Տակիսավա Մոտոմեի այցելությունը Հայաստան (արդյունքները)

  Հունիսի 28-ից 29-ը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խորհրդարանական փոխնախարար պարոն Տակիսավա Մոտոմեն այցելել է Հայաստանի Հանրապետություն, հանդիպել և կարծիքներով փոխանակվել է ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի և այլ կարևոր պաշտոնյաների հետ: Ստորև ներկայացված է ամփոփագիրը:
 
1. Քաղաքավարության այց ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
 
    Հունիսի 29-ին (նույն օրը տեղական ժամով) Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար պարոն Տակիսավան քաղաքավարության այց է կատարել Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Փոխնախարար Տակիսավան, հիշատակելով, որ այս տարի հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է, այս այցելությունը առիթ դարձրեց ընդգծելու Ճապոնիայի համար Հայաստանի կարևորությունը որպես գործընկեր ժողովրդավարության, մարդու հիմնական իրավունքների, հիմնարար արժեքների, ինչպիսին է օրենքի գերակայությունը, փոխանակման ոլորտում, և ցանկություն հայտնեց հետագայում ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում:
Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել մինչ օրս Ճապոնիայից ցուցաբերած օգնության համար, և նշել, թե ինչքան բարձր է գնահատում իր 2012 թ.-ին Ճապոնիա այցելությունից հետո երկու երկրներում դեսպանատների բացումը, որը նպաստեց երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա նաև նշեց, որ հետաքրքրված է երկու երկրների հարաբերությունները զարգացնել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են պաշտոնյաների փոխայցելությունները, խորհրդականական շփումները, առևտրային և ներդրումային, ՏՏ և զբոսաշրջության, աղետների կանխարգելման և այլ բնագավառներում:
Բացի այդ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային բնագավառում համագործակցության եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ:

                         

 
2. Բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Նալբանդյանի հետ
 
    Հունիսի 29-ին (նույն օրը տեղական ժամով) Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար պարոն Տակիսավան հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ժամանակ փոխնախարար Տակիսավան խոսելով տնտեսական հարաբերությունների մասին նշեց իր ցանկությունը սկսել երկկողմ ներդրումային համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա որոշում է կայացվել սովորական անձնագրեր ունեցող ՀՀ քաղաքացիների համար միջոցներ ձեռք առնել մուտքի արտոնագրի պահանջները պարզեցնելու նպատակով: Բացի այդ՝ նա նշեց նաև, որ այս աշնանը նախատեսված է ՏՏ ոլորտում կենտրոնացած ճապոնական ընկերությունների պատվիրակությունը իր առաքելությամբ ժամանելու է Հայաստան, և խնդրեց համագործակցել այդ հարցում:
 
              Ի պատասխան՝ ԱԳ նախարար պարոն Նալբանդյանը, հիշատակելով 2012 թ.-ին ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի, ինչպես նաև սույն թվականի հունվարին ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ պարոն Գալուստ Սահակյանի այցը Ճապոնիա, ցանկություն հայտնեց երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը տարբեր բնագավառներում, ինչպիսիք են ենթակառուցվածքային ոլորտը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, աղետների  կանխարգելումը:
Բացի այդ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային բնագավառում համագործակցության եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ:
  
                         
 
3. Հանդիպում Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի հետ
 
    Հունիսի 29-ին (նույն օրը տեղական ժամով) Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար պարոն Տակիսավան հանդիպում է ունեցել Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար պարոն Սամվել Ֆարմանյանի և խմբի անդամների հետ: Փոխնախարար Տակիսավան շնորհակալություն հայտնեց 2016 թ. դեկտեմբերին խմբի ղեկավար պարոն Ֆարմանյանի և Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար պարոն Էտո Սեյշիրոյի և մնացած անդամների միջև տեղի ունեցած հանդիպման և երկու երկրների պատգամավորների շփման արդյունքում մեծ ներդրում ունենալու համար: Պարոն Տակիսավան նաև ցանկություն հայտնեց ապագայում ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջև խորհրդարանական մակարդակի փոխանակումների միջոցով:
Բարեկամական խմբի ղեկավար պարոն Ֆարմանյանը և խմբի այլ անդամները նշեցին Ճապոնիայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ հույս ունենալով զարգացնել համագործակցությունը, և ցանկություն հայտնեցին ներդրում ունենալ երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման մեջ խորհրդարանական մակարդակի փոխանակումների միջոցով: