Գլխավոր | Դեսպանություն | Հայ-Ճապոնական հարաբերությունները | Վիզա և Տուրիզմ | Մշակույթ և Կրթություն | Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը | Հղումներ

Անցկացվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի մրցանակների պարգևատրման արարողությունը

 
   Սեպտեմբերի 8-ին դեսպանի կեցավայրում անցկացվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի մրցանակների պարգևատրման արարողությունը:
   Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մրցանակին արժանացել է Ճապոներենի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ տիկին Կարինե Քարամյանը, ով լինելով Հայաստանում ճապոներենի ուսուցման հիմնադիր, երկար տարիներ ղեկավարել և նպաստել է ճապոներենի ուսուցմանը, ինչպես նաև մեծ ներդրում է ունեցել ճապոնա-հայկական դիվանագիտական հարաբերությունների զարգացման մեջ: Հաշվի առնելով այս բոլոր նվաճումները՝ առաջին անգամ Հայաստանում նա պարգևատրվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մրցանակով:
   ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի մրցանակին արժանացան 3 կազմակերպություններ՝ «Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, ինչպես նաև Սպիտակ քաղաքի փրկարարական ծառայության պետ, փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Հաշվի առնելով վերոնշյալ մրցանակակիրների գործունեությունը ճապոներենի ուսուցման, մարզաձևերի տարածման, մարդկային փոխանակման միջոցով աղետների կանխարգելման համագործակցության մեջ գրանցած այս բոլոր նվաճումները՝ դեսպան Տագուչին պարգևատրեց նրանց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի մրցանակներով:
   Միջոցառմանը ներկա են գտնվել հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը և խմբի այլ անդամներ, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ինչպես նաև անցյալում դեսպանի մրցանակին արժանացած այլ անձինք: Այս պարգևատրման արարողությունը նշանավորեց վերոնշյալ մարդկանց և կազմակերպությունների շնորհիվ Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: