Պարոն Դեսպանի այցելությունը ք. Սպիտակ՝ Արևելյան Ճապոնիաում տեղի ունեցած երկրաշարժի 5-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղկեմատույցի արարողության մասնակցելու համար

2016/3/11
Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած Մեծ երկրաշարժից 5 տարի անց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 2016 թ. մարտի 11-ին տեղի ունեցավ Արևելյան Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեմատույցի արարողություն: Արարողությանը ներկա են եղել Սպիտակի քաղաքապետը, Սպիտակ քաղաքի Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները (հակահրդեհային ծառայություն), ինչպես նաև Սպիտակի քաղաքացիները: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը նույնպես մասնակցել է արարողությանը և հանդես է եկել ելույթով: Ստորև պարոն դեսպանի ելույթը.




Այսօր՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից 5 տարի անց, ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել 2011 թվականի մարտի 11-ի արհավիրքի հետևանքով 15 894 զոհերի և 2 562 մարդկանց անհայտ կորստի կապակցությամբ, ինչպես նաև զորակցություն հայտնել երկրաշարժից տուժածներին:

 

 

Ճապոնիայի ժողովուրդը, տեղական իշխանությունները և կառավարությունը միասնական ուժերով կատարում են վերականգնողական աշխատանքներ, և վերականգնման նախագծի ժամանակացույցին համապատասխան՝ գրեթե ավարտին է հասցվել ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվացքների վերականգնումը:

 

Ճապոնիան, հայտնվելով աշխարհում նախադեպը չունեցած դժվարին իրադրության մեջ, ներկայումս իրականացնում է «Ֆուկուշիմա Դայիչի» ատոմակայանի շահագործման դադարեցման և աղտոտված ջրերի հարկադրական կառավարման աշխատանքներ:

 

«Ֆուկուշիմա Դայիչի» ատոմակայանի իրավիճակի վերաբերյալ կառավարական հաշվետվությունը պարբերաբար տրամադրվում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությանը միջազգային հանրությանն իրազեկելու նպատակով: Իրավիճակը ատոմակայանում կայուն է, Ֆուկուշիմա պրեֆեկրուրայում՝ բացառությամբ Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանին շրջապատող տարածքի, ճառագայթման մակարդակը զգալիորեն նվազել է, մոտենալով արտասահմանյան խոշորագույն քաղաքների ցուցանիշներին: Հարկ է նշել նաև, որ Ճապոնիայի այլ տարածաշրջանների, ինչպես նաև Տոկիոյի օդի աղտոտվածության և ռադիացիայի մակարդակի խնդիր ընդհանրապես գոյություն չունի:

 

5 տարի անց անձամբ ցանկանում եմ կրկին իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայոց Առաքելական Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ երկրաշարժի ժամանակ Ճապոնիային բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

 

Մենք երբեք չենք մոռանա Հայոց Առաքելական Եկեղեցու կողմից աղետի զոհերի հիշատակին մատուցված պատարագը և աղոթքը, չենք մոռանա այդ առիթով նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ճապոնիա և հատկապես աղետից տուժած շրջաններ՝ երկրաշարժից տուժածներին քաջալերելու նպատակով:

 

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի կողքին ևս մի խաչքար է կանգնեցված՝ ի հիշատակ Արևելյան Ճապոնիայի աղետի զոհերին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի տեղի է ունենում ոգեկոչման արարողություն, և այս տարի մարտի 11-ին Ճապոնիայի դեսպանությունը մասնակցում է հարգանքի տուրքի մատուցման արարողությանը:

 

Ճապոնիայի ժողովուրդը իսկապես զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

 

Ե՛վ Ճապոնիան, և՛ Հայաստանը սեյսմավտանգ երկրներ են: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր Ճապոնիան աղետների կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաբնույթ համագործակցություն է ցուցաբերել:

 

Անցյալ երկրաշարժերը չմոռանալով, դրանցից դասեր քաղելով՝ մենք պետք է պատրաստ լինենք ապագա երկրաշարժերին: Ճապոնիան ցանկանում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման ուղությամբ, որ ապագա երկրաշարժերի ժամանակ կարողանանք փրկել հնարավորինս շատ մարդկային կյանք, ինչպես նաև նվազագույնի հասցնենք կորուստների քանակը: