Սեպտեմբերի 17-ին (կիրակի)անցկացվել է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Բուդո» փառատոն

2017/9/18
   Սեպտեմբերի 17-ին (կիրակի) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր) անցկացվել է «Բուդո» փառատոն, որի շրջանակներում ցուցադրվել են ճապոնական մարտարվեստների բոլոր տեսակները: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ ջանքերով կազմակերպված այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ:
   Այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Ճապոնիայից ժամանած կարատեի վարպետ պրն. Կենջի Կուսանոն (Սոկե, Կուսանո-հա շիտո-րյու), ձյուդոյի վարպետներ պրն. Յոշիհարու Մակիշին (1997թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Կոդոկան-7-րդ դան) և պրն. Հիրոշի Իզումին (Աթենքի 2004թ. Օլիմպիական խաղերում տղամարդկանց 90կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր, Կոդոկան-5-րդ դան) ցուցադրեցին ձյուդոյի հիմնական շարժումները և տեխնիկան, արժանանալով հանդիսատեսի ուշադությանը և բուռն ծափահարություններին: Բացի այդ` իրենց վարպետությունը ցուցադրեցին համակազմակերպիչները՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, JKA Armenia շոտոկան կարատեի ֆեդերացիան, Հայաստանի կենդոյի ազգային ֆեդերացիան և Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիան, որոնք հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ամենօրյա վարժությունները:

 
      

      

     
 
   Մենք ակնկալում ենք, որ բուդոյի շնորհիվ Հայաստանի շատ քաղաքացիների մոտ Ճապոնիայի հանդեպ հետաքրքրություն կառաջանա, ինչպես նաև սպորտի միջոցով կընդլայնվի միջազգային համագործակցությունը և փոխանակումը 2020 թ-ին Տոկիոյում անցկացվող օլիմպիական և պարալիմպիկ խաղերում: