Դեսպան Ֆուկուշիման մասնակցել է Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման արարողությանը

2021/8/6
2021 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկա է գտնվել Երևանի Մանկական զբոսայգում Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի Հիկարի կենտրոնի կողմից (տնօրեն՝ Կարինե Փիլիպոսյան):
Հիշատակի արարողությանը ներկա էին դեսպան Ֆուկուշիման, ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ պարոն Մնացական Սաֆարյանը, Հիկարի կենտրոնի անդամները, Հայաստանում բնակվող ճապոնացիները և այլք:
Հիշատակի արարողության սկզբում Հիկարի կենտրոնի անդամները ծաղիկներ դրեցին Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ (քարը Հիրոշիմայում տեղի ունեցած ատոմային ռմբակոծության «ականատեսներից»‎ է եղել)։ Այնուհետև մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ Դրանից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ֆուկուշիման, պարոն Սաֆարյանը և տիկին Փիլիպոսյանը: Դեսպան Ֆուկուշիման իր ելույթի ժամանակ աղոթեց աշխարհում մշտական խաղաղության համար:
Արարողության վերջում Հիկարի կենտրոնի սաները հայերեն և ճապոներեն հայկուներ կարդացին խաղաղության մասին, ներկաներին թղթե կռունկներ բաժանեցին, ինչպես նաև Խաղաղության ուխտի հուշաքարի շուրջ թղթե լապտերներ տեղադրեցին` ի հիշատակ զոհերի:
 Հիրոշիմա 1
 Հիրոշիմա 2
 Հիրոշիմա 2