Դեսպան Յամադայի Ամանորյա շնորհավորանքը

2020/1/8

Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադա

Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադա
Դեսպան Յամադայի Ամանորյա շնորհավորանքը

Շնորհավորում եմ բոլորի Ամանորը:
Ուրախ եմ ուղերձով հանդես գալ իմ՝ Հայաստանում գտնվելու 2-րդ տարվա սկզբին։

Նախորդ տարի նոր կայսեր գահակալմամբ Ճապոնիայում հիմք դրվեց «Ռեյվա» դարաշրջանին, ինչը կարևոր իրադարձություն էր ողջ ճապոնացի ժողովրդի համար: Հոկտեմբեր ամսին գահակալության արարողությանը հրավիրվել էին բազմաթիվ ականավոր հյուրեր և պատվիրակներ ողջ աշխարհից: Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել ՀՀ նախագահին և տիկին Սարգսյանին, ովքեր մասնակցեցին գահակալության արարողությանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունը դարձավ իսկապես հիշարժան և կարևոր փուլանիշ ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար՝ երկու երկրների, որոնք խորապես փայփայում և հպարտանում են իրենց հին ավանդույթով և մշակույթով: Այժմ՝ 2020-ին, Տոկիոյում մենք հյուրընկալելու ենք երկար սպասված Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը:

Այստեղ՝ Հայաստանում, բարեփոխումների մեծ ալիքը շարունակվում է 2018-ի քաղաքական վերածնունդից հետո, և հարկ է նշել, որ թարմ կենսունակությունը դեռևս տարածված է ամբողջ երկրում: Վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի ավելի քան 70%-ը լավատեսորեն է տրամադրված երկրի ապագայի նկարմամբ: Որպես ժողովրդի ազատ կամքի արտահայտում՝ այս ցուցանիշը պարզապես ապշեցուցիչ է ցանկացած ստանդարտով՝ անկախ ժամանակից կամ վայրից: Նման տրամադրվածությունն առավել շոշափելի է ամբողջ աշխարհի սփյուռքահայերի կողմից աշխուժացող հետաքրքրությամբ և իրենց հայրենիքին տրամադրվող աջակցությամբ։

Լինելով ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում՝ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր միջազգային իրադարձություններ, այդ թվում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Ահռելի կրքի խորհրդանիշներից մեկը, որը Հայաստանը ցուցաբերում է առաջադեմ տեխնոլոգիաների նկատմամբ, ներկայումս աշխարհահռչակ Համաշխարհային ՏՏ մրցանակն է: Անցյալ տարի նշվեց մրցանակի պատմական 10-ամյակը, և մրցանակակիր դարձավ դոկտոր Տակեո Կանադեն Ճապոնիայից: Այս լուրն իսկապես ուրախալի և բարենպաստ էր այս կարևոր ոլորտում Ճապոնիա-Հայաստան ապագա համագործակցության համար։
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր Ճապոնիան համագործակցում է Հայաստանի հետ բազում ոլորտներում, մասնավորապես` բնական աղետների կանխարգելման և մեղմացման ոլորտում, ինչն ընդհանուր է մեզ համար որպես հավերժական, «ազգային» մարտահրավեր: Այժմ Ճապոնիայի համար հրատապ խնդիր է ընդլայնել և խորացնել հետագա համագործակցության ոլորտները՝ ներառելով ընթացիկ քաղաքական և դատական բարեփոխումները, ինչպես նաև վերոնշյալ վերջին տեխնոլոգիական զարգացումները՝ դրանով իսկ ստեղծելով յուրահատուկ և փոխշահավետ հարաբերություններ մեր երկու երկրների միջև: Ճապոնիա-Հայաստան երկկողմ ներդրումների խթանման և պաշտպանության մասին համաձայնագիրը ուժի մեջ մտավ ճիշտ ժամանակին՝ նախորդ տարվա մայիսին: Ճապոնիայի համար այս համաձայնագիրը Կովկասի տարածաշրջանում առաջինն է: Այժմ այս եղանակով են իրականացվում և առաջարկվում բոլոր անհրաժեշտ պայմաններնը։

2019թ․-ին նշվեց նաև աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի 160 ամյակը: Նրա թոռնուհին նրա հիշատակին նվիրված ֆիլմ է նկարահանել, և այն ցուցադրվել է նաև այստեղ՝ Երևանում: Տիկին Աբգարը ընտրեց Ճապոնիան որպես իր մշտական կեցավայր և այլևս երբեք չվերադարձավ հայրենիք: Այնուամենայնիվ, նա մեծագույն ավանդ է ունեցել իր հայրենակից հայ ժողովրդին օգնելու գործում: Նրա վեհ գործը, պատմական մեծ ողբերգության հետ միասին, հավերժ կմնան ողջ մարդկության հիշատակում: Այն կամուրջը, որ նա կառուցել էր երկու երկրների միջև՝ այդ ժամանակ շատ կյանքեր փրկելով, մինչ օրս էլ շարունակում է մեր երկու ժողովուրդներին միավորել: Իմ անկեղծ հույսն է, որ այս տարի ևս շատ մարդիկ կցանկանան հատել այդ կամուրջը Ճապոնիայից Հայաստան, ինչպես նաև Հայաստանից Ճապոնիա՝ այսպիսով դարձնելով մեր փոխադարձ բարեկամությունը, որը ամենաեզակին է ամբողջ աշխարհում, ավելի լայն ու խորը ապագայում:
 
Հունվար 2020
ՀՀ -ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան
Ջուն Յամադա

Դեսպան Յամադայի Ամանորյա շնորհավորանքը (2019)

Դեսպան Յամադայի ողջույնի խոսքը

Դեսպան Յամադայի կենսագրությունը