Տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողությունը

2018/2/20
        2018 թվականի փետրվարի 16-ին, Ճապոնիայի դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման և դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողությունը:
       Հայտագրերի փոխանակման ստորագրմանը մասնակցել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Էյջի Տագուչին և ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ պարոն Մանաբու Հորիի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Պապիկյանի ներկայությամբ:
       Հայկական կողմից միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները` հանձին ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար պարոն Սամվել Ֆարմանյանի, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից և ուրիշներ:
       Սույն ծրագրով Ճապոնիայի կառավարությունը շահառուին է տրամադրում վաթսունինը միլիոն յոթ հարյուր հազար ճապոնական յեն (¥ 69,700,000):
       Հաջորդելով հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությանը` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ պարոն Կատսուտոշի Ֆուշիմիի և ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի միջև ստորագրվեց դրամաշնորհի համաձայնագիրը:
       Այս ծրագիրը կնպաստի աջակցելու Հայաստանի` ապագա սերնդի համար զգալի մշակութային ժառանգության պահպանման ու անցյալից դեպի ապագա տանող կամրջի ստեղծմանն ուղղված ջանքերին` հաշվի առնելով թե´ Ճապոնիայի, և թե´ Հայաստանի ունեցած երկար պատմությունն ու հարուստ ավանդույթները, ինչպես նաև այն փաստը, որ մշակութային ժառանգությունն անփոխարինելի արժեք և ոգեշնչման աղբյուր է երկու ժողովուրդների համար: